Ձոն մայրերին․ ընթերցարան

Պարույր Սևակ <Մոր ձեռքերը>

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝

Ի՜նչ նազանքով,

Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,

Առաջնեկն է երբ որ ծնվել,

Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը

Ծով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը՝

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը՝ ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝

Նո՜ւրբ ձեռքերը,

Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող — լվացք անող,

Անվերջ դատող — անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես

Խա՜ս ձեռքերը…

Հովհաննես Շիրազ․ <Մայրս>

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբունն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս։

Մայր

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով որդոց օրոցքին…

Եվ հիմա քիչ է, թե աչքեչս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ա՜խ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

Վահան Տերյան․ <Կարծես թե դարձել եմ ես տուն>

Կարծես թե դարձել եմ ես տուն
Բոլորն առաջվանն են կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռքերդ մաշված ու բարակ:
Նայում եմ,մինչև որ անզոր
Գլուխս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթդ անվերջ օրորում,
Իլիկդ խոսում է անուշ…

Աշոտ Գրաշի < Քո ձեռքերը, մայր>


Գնամ սարը,վարդեր բերեմ,
Որ գրկիդ մեջ վարդեր բուրեն,
Քո ձեռքերը ես համբուրեմ,
Քո ձեռքերը անուշ են,մայր:
                                Քո ձեռքերն են ինձ բարուրել,
                                Քո ձեռքերն են ինձ օրորել,
                                Քո ձեռքերն են ինձ գուրգուրել,
                                Քո ձեռքերը անուշ են,մայր:
Քո ձեռքերը`դալար ճյուղեր,
Քո ձեռքերը`գարնան հավքեր,
Քո ձեռքերը`կյանքի երգեր,
Ով է ասում, թե հուշ են,մայր:

Աղավնի <Մայրիկիս>


…Միայն հողի հետ կարող եմ չափել
Սիրտը մայրական հավերժ բարեգութ,
Հավերժ սիրառատ և հավերժ անսուտ,
Միայն հողի հետ կարող եմ չափել:
Ու եթե անսուտ այս հողի վրա
Հազար ձևերով կյանքն է բողբոջում,
Այդ նրանից է,որ ծոցում նրա
Հավերժ կենդանի մոր սիրտն է ննջում:      

Եղիշե Չարենց «Մորս համար գազել»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց — 
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Ձոն մայրիկիս

Իմ մայրիկ, դու նման ես աստղի, քո աչքերը ու գեղեցկությունը ոչ մեկի հետ չես շփոթի, ամենից բարի մայրը դու ես, ամենից լավ մայրը դու ես, ուզում եմ գրկեմ քեզի իմ թևերով ու ասեմ․

— Մայրի՛կ, շնորհավո՜ր, և քանի, որ քո տոնն է մարտի ութին, տալիս եմ քեզ շատ նվերներ, շատ պաչիկներ ու ցանկանում, որ միշտ լինեմ քո հետ։ Շնորհավո՜ր, մայրիկ։